Մայիսի 3-ին Երևանում կայացել է «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցել են երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։ Այդ մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Ազգային դիմակայության և պետական կառավարման հայկական ինստիտուտի (INFORS Armenia) կողմից Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի (KISI) հետ գործակցաբար կազմակերպած միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով են դիմել Ղազախստանում Հայաստանի և Հայաստանում Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Արմեն Ղևոնդյանը և Բոլատ Իմանբաևը։
Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր տեսաուղերձում ուշադրությունը սևեռել է հայ-ղազախստանյան միջպետական համագործակցության զարգացման մասով փորձագիտական-վերլուծական հետազոտությունների և առաջարկների կարևորության վրա, որոնց պահանջվածությունն էլ ավելի է արդիականացել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների ներքո։
Կլոր սեղանի շրջանակներում INFORS Armenia-ի հիմնադիր Գ․Մելիքյանի և KISI-ի ղեկավար Ե․Տուկումովի կողմից ստորագրվել է նշյալ կառույցների միջև Փոխըմբռնման հուշագիր։ Հաջորդած քննարկումների ու բանավեճի ընթացքում մտքեր են փոխանակվել հարցերի լայն շրջանակով՝ միտված փորձագիտական, վերլուծական և գիտական շրջանակների, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի ոլորտային գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների վերհանմանը՝ երկու պետությունների միջև փոխհարաբերությունների արդյունավետ տեղեկատվական-վերլուծական ուղեկցման ապահովման շեշտադրմամբ»,- նշված է գրառման մեջ։