Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցին՝ նշելով, որ վերջինիս հետ քննարկել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության» մասին օրինագծերը:
«Իմ հիասթափությունն եմ հայտնել, որ չնայած բազմաթիվ հրավերներին՝ մեր գործընկերները խուսափել են մասնակցել թափանցիկության մասին օրենքի վերաբերյալ առարկայական քննարկումներին։ Բացի դրանից՝ ընդգծել եմ, որ մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ, որն ուղղված է բացառապես վրացական հասարակության առջև համապատասխան կազմակերպությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոբախիձեն:
Նա տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահի ուշադրությանը հրավիրել է «արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների ակտիվ մասնակցությանը Վրաստանում 2020-2023 թվականների հեղափոխության երկու փորձին»: