Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում շարունակվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը: Գրադարանում հավաքվել են գրքասեր և արվեստասեր մանուկներն ու պատանիները, ովքեր ծրագրի շնորհիվ տեղափոխվել են գրքերի, ընթերցանության և գրականության աշխարհ:
Ծրագրի աշխատանքներին հետևել և ճամբարի կրթամշակութային առօրյային ներկա է եղել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
Ճամբարի երկրորդ օրը՝ մայիսի 3-ին, երեխաներն ունկնդրել են «Արծիվը աղավնաբնում» անգլիական ժողովրդական հեքիաթը: Երեխաների խոսքով` այս ստեղծագործության ընթերցումն իրենց հնարավորություն է տվել բացահայտել նոր աշխարհներ, իսկ ապագայի շուրջ երազանքները` դարձրել ավելի վառ ու իրական: Հեքիաթապատումը հիմք է դարձել նաև աշխույժ և հետաքրքրաշարժ քննարկումների համար: Յուրաքանչյուր ընթերցված էջ երեխաների համար գիտելիքի աշխարհ տանող մի ուղի է, իսկ քննարկումները` նորն ու արտասովորը բացահայտելու հնարավորություն:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները դասընթաց-հանդիպման շրջանակում երեխաներին ծանոթացրել են նաև Եվրոպական միության և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործունեությանը: Ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական առաքելությունը, խոսվել` մշակութային ժառանգության արժեքների մասին: Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանի աշխատակիցները ոգեշնչել են երեխաներին՝ խոսելով Եվրոպայի մշակութային ժառանգության, գրականության ու արվեստի միջոցով փոխանցվող գիտելիքների հարստության մասին։ Մշակութային ճամփորդության ընթացքում երեխաների ստացած գիտելիքներն ամրապնդվել են ներկայացված նյութերի շուրջ անցկացված վիկտորինայով:
Սպիտակի քաղաքային գրադարանում երեխաները շարունակել են նախորդ օրը մեկնարկած նկարչության վարպետության դասընթացը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի օգնությամբ երեխաներն արվեստի աշխարհում իրենց քայլերն են արել: Նոր հմտություններ ձեռք բերելով և յուրացնելով նկարչական խառը տեխնիկան, նրանք վառ գույներ են հաղորդել իրենց նկարչական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:
Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում: