«Մենք հարցականի տակ չենք դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում»,- այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը անդամ պետություններին հնարավորություն է տալիս դուրս գալ ՀԱՊԿ-ից:
«Որքան տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ կրկնվող մեղադրանքներին՝ անդամակցության հետ կապված որևէ նոր քայլ մեր գործընկերները չեն ձեռնարկել: Հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, և պետք է կրի համապատասխան պարտավորությունները, այդ թվում՝ 1992թ. Հավաքական անվտանգության պայմանագրով, 2002թ. կազմակերպության կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։