«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը, որում գնահատվում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրում։
Հայաստանն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 49-րդ հորիզոնականի փոխարեն։ Այսպիսով Հայաստանը տարածաշրջանային երկրների շարքում առաջատարն է: Վրաստանը զբաղեցրել է 103-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 158-րդը, Ռուսաստանը՝ 162-րդը, Ադրբեջանը՝ 164-րդը և Իրանը՝ 176-րը:
Փաստաթղթում նշվել է, որ թեև Հայաստանում առկա է բազմակարծության միջավայր, սակայն լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ, և երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ առավելապես պայմանավորված Լեռնային Ղարաբաղի իրադարձություններով:
Ընդգծվել է, որ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Նշվել է նաև, որ միայն մի քանի լրատվամիջոց է շարունակում անկախ մնալ, իսկ մյուսները հավատարիմ են մնում կա՛մ իշխանական թևին, կա՛մ ընդդիմադիր կողմին:
Նշվել է նաև, որ Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը, նրանք հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների, և ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունը երկրում մնում է անպատիժ։
Զեկույցի համաձայն՝ լրատվադաշտում զգայուն է առավելապես երկու քաղաքական թեմա՝ հայերի էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները: