Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանը ժամանել է Ադրբեջան՝ քննարկելու Եվրամիություն-Բաքու համագործակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակում, ականազերծման և այլ հարցեր:
«Այցը սկսել եմ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և պաշտպանության փոխնախարար Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումներով:
Սա կարևոր հնարավորություն է՝ ձևավորելու դրական օրակարգ կանաչ էներգետիկայի, տարածաշրջանային փոխգործակցության և Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կոոպմանը:
Ավելի վաղ նա այցելել էր նաև Վրաստան, որտեղ հանդիպել էր նախագահ Զուրաբիշվիլու, վարչապետ Կոբախիձեի և արտգործնախարար Դարչիաշվիլու հետ: Այցի ավարտին Կոոպմանը հայտարարել է, թե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն անընդունելի է և կխաթարի վրաստանի եվրաինտեգրացիան: Նա նաև ասել է, թե Վրաստանը հապաղում է Եվրամիության 9 հրահանգը կատարելու համար: Սակայն դեռ ժամանակ կա: