Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին:
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ: Նման ձևաչափով այլ հանդիպում դեռևս տեղի չի ունեցել:
Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ խնդիրը բարձրաձայնվում և պարզաբանվում է:
«Մեկ շաբաթ առաջ շատ բարձր ներկայացվածություն ունեինք դատախազների: Մոտ 30 դատախազ 11 եվրոպական երկրից իմ հրավերով այցելել էր Հայաստան: Հիմնականում գլխավոր դատախազներ և գլխավոր դատախազների տեղակալներ էին, որոնք այս խնդիրներից տեղեկացված են:
Նաև գիտեք, որ գործերից մեկով Ռուսաստանում Ադրբեջանի բլոգեր էր ձերբակալվել: Եվ դա էլի մեր հարցման արդյունքում էր, բայց պատշաճ իրավական ընթացակարգ չստացավ, և քաղաքական որոշակի գործընթացներ սկսվեցին, և մեզ ժամանակ չտրվեց ներկայացնելու փաստաթղթեր, հետո փորձեցին մանիպուլացնել: Դա, իհարկե, արդեն իրավաբանությունից դուրս պատմություն է»,- ասաց նա: