ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մշակույթի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:
Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:
Նախարարն անդրադարձել է Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը. «Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մշակույթի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:
Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է Մշակույթի զարգացման հիմնադրամը և հաստատվել է կանոնադրությունը: