ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր օրինակը վարակիչ կլինի նաև ձեր հասակակիցների համար»:
Նախարարի ընդգծմամբ՝ շատ կարևոր է ներդրած ջանքի գնահատումը, ինչը միայն ոգևորում է արդյունքներ գրանցելու և նոր նպատակների հասնելու առումով: ԿԳՄՍ նախարարության կողմից որպես գնահատանք, դիպլոմների շնորհումից բացի, նաև օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների համար անվանական կրթաթոշակի տրամադրման կարգ է սահմանվել: «Գնահատելով մեր աշակերտների ջանքերը՝ կրթաթոշակներ ենք սահմանել թե՛ միջազգային առարկայական, թե՛ մեր երկրում կազմակերպվող օլիմպիադաների հաղթողների համար: Երբեմն մտածում ենք՝ մեր երեխաները կարող են աշխատել կրթական բոլոր աստիճաններում սովորելուց հետո միայն, մինչդեռ դուք ձեր օրինակով փաստում եք՝ սեփական գիտելիքով կարելի է վաստակել արդեն դպրոցական տարիքից: Կարևոր է սովորելու ձգտման և ջանքերի գնահատումը»,- նշել է նախարարը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ նշելով, որ աշակերտների հաջողություններն ուսուցիչների լավագույն աշխատանքի արդյունքն են: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ օլիմպիադաների կազմակերպման գործընթացում նախատեսվում է մարզային փուլերում ներդնել ավելի շատ ռեսուրսներ, ապահովել առավել թափանցիկություն, որոշ առարկաների դեպքում՝ օլիմպիադաները էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորություն ընձեռնել, ինչպես նաև ընդլայնել մասնակցության աշխարհագրությունը: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ հանրակրթության նոր չափորոշչով մեծ տեղ է տրվում նախագծային ուսուցմանը, որը նպատակ ունի զարգացնելու սովորողի գիտելիքի կիրառման հմտությունը՝ այն զուգակցելով միջառարկայական կապերով: Ժաննա Անդրեասյանը նաև նկատել է, որ մասնակիցներից որոշների հետ հանդիպումներ է ունեցել համադպրոցական գիտության փառատոնի և ԿԳՄՍՆ-ի կազմակերպած այլ միջոցառումների շրջանակում:
Մասնակից աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով և ներկայացրել իրենց հաջողության ընթացը, պատմել ապագա ծրագրերի մասին:
Շիրակի մարզի Ախուրյանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մնացականյանը միանգամից երկու առաջին կարգի դիպլոմ է ստացել՝ պատմությունից և հայոց լեզվից: Նա ուժերը չափել է նաև օտար լեզվի օլիմպիադային մասնակցելով՝ ֆրանսերենից երրորդ կարգի դիպլոմ նվաճել:
«Ապագայում իրավագետ եմ դառնալու. ուզում եմ միջազգային կազմակերպություններում աշխատել և պաշտպանել մեր երկրի շահերը»,- նշում է Անահիտը:
Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գևորգյանը դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթող է ճանաչվել ՆԶՊ առարկայի զենքի քանդում-հավաքում մրցաձևից:
«Ես պահանջն իրականացրել եմ ամենաարարգը՝ 18 վայրկյանում: Երազում եմ դառնալ դիպուկահար՝ ապացուցելու, որ այս մրցաձևում լավագույնը կարող են լինել ոչ միայն տղաները, այլև աղջիկները»,- ասում է նա:
Նշենք, որ այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել: Նրանցից 74-ը ստացել է առաջին, 100-ը՝ երկրորդ, 206-ը՝ երրորդ կարգի դիպլոմներ, իսկ 253-ը՝ գովասանագրեր: Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: