ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» աշտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել է փորձանմուշ։
Իրականացված քննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ առերևույթ սպանությունը կատարել է տղամարդու 42-ամյա համաքաղաքացին։
Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս դեպքի օրը միմյանց հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, ինչից հետո Կոտայքի մարզի բնակիչը 35-ամյա տղամարդուց հաշվեհարդար տեսնելու նպատակով ևս 2 անձի հետ ուղևորվել է Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիր, որտեղ գտնվել է տղամարդը։
Երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցի տարածքից, նրա համաքաղաքացին իր հետ հյուրանոցի տարածք եկած անձանցից մեկի հետ մոտեցել է նրան։ Սկսվել է վիճաբանություն, ինչի ընթացքում 42-ամյա տղամարդը իր մոտ պահվող առարկայով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։
Այնուհետև, միջադեպի պահին 42-ամյա տղամարդու հետ եղած անձը, վերջինիս բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է Կոտայքի մարզ, որից հետո նույն ավտոմեքենայով վերջինիս տարել է անհայտ ուղղությամբ։
Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին 42-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա ծանոթի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարույթային անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: