Անձը կալանքի տակ է, քննչական մարմինը ներկայացրել է կալանքի հիմնավորումները, և բոլորդ տեսել եք տեսանյութը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Civik.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու միջադեպին:
«Նոր էլի լրագրողներն ինձ հարցնում էին՝ գուցե միջանձնային հարաբերություններո՞վ է պայմանավորված եղել: Դատախազությունը նման տվյալի չի տիրապետում, որ միջանձնային հարաբերություններով է պայմանավորված, այլ լրագրողական կոնկրետ գործընթացներով է պայմանավորված»,- ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի բակում Civik.am լրատվական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությունը ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Պատգամավորի օգնականը
կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով: