Ընտանեկան բռնության դեպքերի բացահայտելիությունն աճել է: Մենք սկսել ենք հասկանալ՝ ընտանեկան բռնությունն ինչ է, և այն ամենին, ինչ գուցե մեր աչքը սովոր էր, սկսել ենք այլ աչքով նայել: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մտահոգությանը, թե 2023-ին ընտանիքում բռնության դեպքերն աճել են 151-ով, հանրագումարում՝ ընդհանուր 508 դեպք է գրանցվել: Մինչդեռ 2022-ին դեպքերի թիվը 357 էր: Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ հետպատերազմյան շրջա՞նն է դեպքերի թվի աճի պատճառը:
Գլխավոր դատախազը պարզաբանեց՝ դեպքեր կան, որոնք ի սկզբանե չեն արձանագրվել որպես հանցագործություն, բայց դատախազական վերանայման արդյունքում վարույթ է նախաձեռնվել:
«Կարծում եմ՝ հետպատերազման ժամանակաշրջանը չէ միակ պատճառը: Պատճառն այն վերաբերմունքն է, որն ունենք ընտանեկան բռնության նկատմամբ, և, կարծում եմ՝ այդ վերանայման արդյունքում է, որ մենք վարույթները նախաձեռնում ենք:
Ասում եմ՝ հատկապես փոքր համայնքներում մեզ չեն հասկանում, ասում են՝ ա՛յ, դուք ընտանիքը քայքայելու գործընթաց եք սկսել: Մենք շատ երկար բացատրում ենք, որ ընտանիքը պահպանելո՛ւ գործընթաց ենք սկսել»,- ասաց Վարդապետյանը: