Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, և ՔԿ-ն առանձին տարածեց, որ ևս մեկ վարույթ է նախատեսված այդ բռնի տեղահանման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով: Երկու վարույթն էլ հրապարակային քննարկման չեն, որովհետև դրանց մասով գաղտնիության ռեժիմ է սահմանված, որոշակի անձանց հետ կապված գործողություններ են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Սեյրան Օհանյանը հետաքրքրվեց՝ արդյոք գլխավոր դատախազի պաշտոնավարման ընթացքում հետևություններ արվե՞լ են 44-օրյա պատերազմի ընթացքի և դրան գնահատական տալու, քրեական վերահսկողության շրջանակում դատախազական վերահսկողության վերաբերյալ:
«Դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ: Շատ դաժան դաս էր, որից երեք գլխավոր հետևություն ենք քաղել:
Առաջինը՝ զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում, ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա որոշակի պրոցեսների սպասարկու, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել:
Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունն այցելելու է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում: Նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելը, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի:
Բացի դրանից՝ մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում: Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով, նաև ներկայիս կոռուպցիոն դեպքերով գրում եմ»,- ասաց նա:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ 44-օրյայի յուրաքանչյուր գործ հետևողականորեն ուղարկվում է դատարան, թեև շատ չի լուսաբանվում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և չազդի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա:
«Վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, որոնք կապված են հատկապես հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք ունի, և դատախազությունը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- ասաց նա: