ԱԺ-ն շարունակում է ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակներում քննարկումը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչ նորություն կա գործից:
««Մարտի 1-ի» հետ կապված երեք կարևոր հանգամանքի մասին կցանկանամ նշել: Առաջին հերթին, երբ անցյալ տարի քննարկում էինք, ես նշեցի, որ քննչական խումբ չի աշխատում գործի վրա, չնայած գործը շատ ծավալուն է: Շատ կարճ ժամանակում ձևավորվեց քննչական խումբ, որը սկսեց ավելի ինտենսիվ զբաղվել վարույթով: Վարույթից առանձնացվել է մաս, որն ուղարկվել է դատարան և վերաբերում է մարտի 1-ը քննող քննչական խմբի քննիչներից մեկին՝ Արմեն Հակոբյանին, որի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում: Ի տարբերություն մյուս պաշտոնատար անձանց, որոնց մասին վաղեմության ժամկետների հետ կապված որոշումներ են կայացվել. ինչո՞ւ այս անձի վերաբերյալ որոշում չի կայացվել, որովհետև անձը չի համաձայնել, և գործող Քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում գործը պետք է ուղարկվի դատական քննության: Հիմա այդ մասով գործը դատարանում է:
Բացի դրանից՝ Վճռաբեկ դատարանն է դիմել ՍԴ՝ քննարկելու դատախազության վերաորակման գործառույթը»,- պարզաբանեց նա:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց՝ մեկ անձի մասով, որով գործը գտնվում է նախաքննության փուլում, մեղադրանքն արդեն իսկ վերաորակված է:
Նրա խոսքով՝ վարույթը շատ ծավալուն էր, և դրան միացված կային վարույթներ, որոնք մասամբ էին վերաբերելի մարտի 1-ին: Վարույթները, որոնք վերաբերում են հատկապես խոշտանգումներին, անջատված են և ուղարկված են ըստ քննչական պատշաճ ենթակայության, որպեսզի քննչական մարմինը քննի:
«Բացի այդ՝ ներկայացված փամփուշտներ կան լրացուցիչ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Մինչ օրս քաղաքացիների մոտ դեռևս փամփուշտներ են պահպանվել, որոնք համեմատական փորձաքննության են ենթարկվում: Բացի դրանից՝ գիտեք, որ «Մարտի 1»-ի գործով դատապարտված ցուցարարների հետ կապված ընթացակարգ կա՝ Վիրաբյանի և այլոց գործերով Եվրոպական դատարանի վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերանայում է դատական ակտերը»,- ասաց Վարդապետյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 2023 թվականի ընթացքում 16 անձի վերաբերյալ արդարացման դատական ակտ է կայացվել՝ նախկինում «Մարտի 1»-ի համար դատապարտված: Խոսքը ցուցարարների, ոչ թե պաշտոնատար անձանց մասին է:
«16 արդարացման ակտ ունենք այս անձանց հետ կապված: Գործը մասամբ գտնվում է նախաքննության փուլում, և նախաքննությունն այս մասով շարունակվում է»,- հայտնեց դատախազը: