Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց ուղղեցին այս օրերին Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին, նշեցին՝ մարդկանց ելքն ու մուտքը սահմանափակված է, արդո՞ք նա ոստիկանության գործողությունները համարում է իրավաչափ:
ՄԻՊ-ը նշեց՝ այս պահին վերջնական գնահատական չի կարող տալ՝ կապված մարդկանց տեղաշարժի հետ:
«Որպեսզի կարողանամ տալ վերջնական գնահատական, պետք է հասկանամ, թե նրանց տեղաշարժը ինչ հիմքով է ընդհանրապես սահմանափակված: Որովհետև շատ հնարավոր է, և դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է իր դիրքորոշումներով հաստատել և մի շարք միջազգային չափանիշներով, որ լինեն մարդու իրավունքները սահմանափակելու հիմքեր, և նաև մարդու իրավունքների սահմանափակումը լինի համաչափ: Դա է պատճառը, որ ինձ անհրաժեշտ է հստակ պաշտոնական պարզաբանում իրավունքների սահմանափակման թե՛ հիմքերի, թե՛ համաչափության հետ կապված, որից հետո, բնականաբար, կկարողանամ գնահատականներ հնչեցնել»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ը դիմե՞լ է պարզաբանում ստանալու համար, վերջինս տվեց դրական պատասխան:
«Բնականաբար դիմել եմ, և երբ ստանամ, դրանից հետո հրապարակավ հանդես կգամ: Եթե քաղաքացիները բողոքում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման հետ կապված, բնականաբար, կան կասկածներ այն առնչությամբ, որ նրանց իրավունքի սահմանափակումը, հնարավոր է՝ ոչ իրավաչափ եղանակով տեղի ունեցած լինի»,- հայտնեց Մանասյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ խնդիր է տեսնում ՄԻՊ-ը, երբ հոգևորականին թույլ չեն տալիս մտնել Կիրանց, մարդկանց հետ շփվել, Մանասյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ որպեսզի կարողանա գնահատել, թե կոնկրետ այդ իրավիճակում կա՞ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե՞ չկա, պետք է ունենա այն հիմնավորումը, որի համաձայն՝ սահմանափակվել է անձանց իրավունքը:
ՄԻՊ-ի խոսքով՝ իրեն չեն կարող բավարարել բանավոր պարզաբանումները, թե այդպես են վարվում մարդկանց անվտանգությունը ապահովելու նպատակով:
«Բանավոր պարզաբանումները բավարար չեն, որովհետև գործ ունենք պետական ինստիտուտների հետ, և եթե ձեզ թվում է, որ պետական մարմինը, որը պետք է արժանահավատ տեղեկատվություն տա, հանկարծ իրավասու է լինելու տարածել այնպիսի տեղեկատվություն, որը զուրկ է լինելու արժանահավատությունից, ես դա, բնականաբար, չեմ անելու նաև այն պատճառով, որ ես առաջին ՄԻՊ-ն եմ, ում ԼՂ-ի վերաբերյալ զեկույցները սկսել են ցիտվել միջազգային տարբեր ատյանների կողմից: Ես չեմ պատրաստվում կորցնել իմ խոսքի արժանահավատությունը ընդամենը այն պատճառով, որ ես դառնամ պոպուլյար»,- նշեց Մանասյանը:
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածների թվում անչափահասներ լինելու փաստին, հիշեցրեց՝ երեկ հայտարարություն են տարածել, որ որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ, և այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն նաև հետագայում:
«Անչափահասների հետ կապված՝ ես նաև հայտարարություն եմ տարածել, նաև մենք նրանց տեսել ենք հիվանդանոցում, ես հատուկ արձանագրել եմ, որ երեխայի հատուկ շահը պետք է նկատի ունենան ինչպես պետական իրավասու մարմինները, այնպես էլ հավաքի կազմակերպիչները, մասնակիցները, ԶԼՄ-ները, որովհետև ԶԼՄ-ներով երեխաների հետ կապված լուսաբանումները ընդհանրապես չեն համապատասխանում ո՛չ երեխայի լավագույն շահին, ո՛չ երեխաների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին: Այս հանգամանքին, բնականաբար, հրավիրել եմ բոլորի ուշադրությունը»,- ընդգծեց Անահիտ Մանասյանը:
Ինչ վերաբերում է Կիրանցի և մյուս բնակավայրերի բնակիչների՝ սեփականության իրավունքների խախտումներին, պարզաբանեց՝ երբ մեկնել էր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, հատուկ արձանագրել է՝ անկախ նրանից՝ մարդը ունի սեփականության իրավունքի վկայական, թե ոչ, պետությունն է կրում դրա հետ կապված պատասխանատվությունը:
Ճշտող հարցին՝ եթե փաստ է, որ խախտվում են այդ մարդկանց սեփականության իրավունքները, ինչպես պետք է այն վերականգնվի, Մանասյանը պարզաբանեց՝ մեթոդները կարող են տարատեսակ լինել:
«Կարող է լինել կամ փոխհատուցման իրավունքի տրամադրում, կամ այլ անշարժ գույքի տրամադրում և այլն, այսինքն՝ սա քննարկման ենթակա հարց է, բայց այն, որ իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի, ակնհայտ է»,- ասաց ՄԻՊ-ը: