2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: 2023 թվականին ավարտվել է 33 396 քրեական վարույթ, 2022-ին՝ 19 139: Ընդհանուր իրավասության և Հակակոռուպցիոն դատարաններ է ուղարկվել 8448 գործ 1170 անձի վերաբերյալ: 2022-ին դատարաններ է ուղարկվել 4414 գործ 5214 անձի վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարեց կառույցի ղեկավար Աննա Վարդապետյանը:
Ըստ գլխավոր դատախազի՝ 2023-ի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել: 5080 քրեական գործ 5485 անձի վերաբերյալ այն դեպքում, երբ 2022-ին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ:
«Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ: 2023-ին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետության և համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանին պատասխանատու պահպանության»,- ասաց նա: