Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի, բայց նաև հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, իսկ պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ իրավունքի սահմանափակումն ու համաչափությունը հիմնավորելու համար, որովհետև հակառակ պարագայում անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ: Այդ մասին Ազգային ժողովում՝ ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում իրականացվող հավաքներին:
«Այո՛, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, այո՛, հավաքների ազատությունն իրոք կարող է սահմանափակվել, և խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, բայց այդ սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»,- ասաց նա:
Անդրադառնալով առհասարակ ՀՀ տարբեր հատվածներում իրականացվող հավաքներին՝ Անահիտ Մանասյանը հայտարարեց. «Այո՛, ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու, օրինական պահանջը ներկայացնելու և դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները երաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերում են անձին ազատությունից զրկելու հիմքերը և պատճառները չներկայացնելուն, կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում երբ անձը քրեական որոշակի գործընթացների շրջանակներում է ազատությունից զրկվում և այլն, և այլն:
Բայց միևնույն ժամանակ արձանագրել ենք հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն, որի հետ կապված տարբեր երևույթներ և իրավիճակներ նույնպես արձանագրվել են: Հետևապես խնդիրներին չի կարելի նայել միակողմանի»,- ասաց նա:
Ելնելով վերոգրյալից՝ Անահիտ Մանասյանը լուծում առաջարկեց, այն է՝ խնդիրները պետք է ոչ թե օգտագործել, այլ դրանց համար լուծումներ գտնել համատեղ ուժերով, որովհետև մեզանից որևէ մեկն առանձին, անհատապես չի կարողանա դրանք լուծել: