ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետների ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգնման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 080 000 ՀՀ դրամ։
Հաջորդ կանգառը Դողս-Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 մլն դրամ։
Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել բոլոր խնդիրները և տվել մի շարք հանձնարարականներ։