ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի հետ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Պատգամավորները հանդիպել են նաև ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսին և Ալեքս Պադիլային: Հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացը` կարևորելով ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:
Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման առանցքային գործոն: Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: