Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն ողջունել է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են։
«Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը: Ինչ-որ պահի գործընթացին միացավ Եվրոպական խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել: Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»,- նշել է Միխալկոն։
Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ տարբեր ոլորտներում և ֆինանսական աջակցություն տրամադրում տարածաշրջանում գործընկերներին: «Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս»,- վստահեցրել է Միխալկոն:
Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումն էլ տնտեսական բնույթ է կրել, և Բաքուն տեղեկացվել է այդ մասին:
Միխալկոն հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է ակտիվ երկխոսությունը նաև Բաքվի հետ և հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ: