Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան մշակութային համագործակցության հարուստ պատմությանն ու առաջիկա ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ու Իրանի կողմից ցուցաբերվող հոգատարությունը՝ ուղղված երկու երկրներում առկա հայ և իրանցի ժողովուրդների մշակութային ժառանգության եզակի կոթողների պահպանմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ մշակութային հարթակներում, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ում, երկու երկրների համագործակցության հեռանկարներին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին ու հայկական կոթողների ոչնչացման դեպքերին: