Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ Բրյուսելն ակնկալում է, որ երկրի կուրսը, որը չի համընկնում Եվրամիության սկզբունքների հետ, կփոխվի, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
Նա նշել է մայիսի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, ըստ որի Վրաստանը հայտնվել է խաչմերուկում և պետք է պահպանի իր ուղին դեպի Եվրոպա։
Ստանոն հիշեցրել է, որ եվրաինտեգրումը Վրաստանի «սեփական ռազմավարական ընտրությունն է»։ «Թեկնածուի կարգավիճակը շնորհվել է Վրաստանի խնդրանքի հիման վրա, որը ներկայացրել է վրացական կառավարությունը՝ ստանալով բնակչության աջակցությունը, որը ցույցեր է անցկացնում Թբիլիսիի փողոցներում՝ հանուն եվրոպական արժեքների և հանուն եվրոպական ապագայի»,- ասել է Ստանոն։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ընդլայնման և հարևանության քաղաքականության ներկայացուցիչ Խերտ-Յան Կոոպմանն էլ ասել է, որ օտարերկրյա ազդեցության մասին օրենքն անընդունելի է և խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ սեպտեմբերին Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցելու շուրջ Վրաստանի հետ բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին առաջարկություններ կպատրաստի, իսկ զեկույցը կհրապարակի հոկտեմբերին կամ նոյեմբերին: