Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ աիջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9°C:
Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17...+18°C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8...+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5°C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10°C բարձր:
Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում՝ երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8...-10°C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -1°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35...+38°C (Արմավիր, Մեղրի):
Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:
Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92 մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50 մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010 թթ., երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:
Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989 թթ., երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է` 52-55%:
Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր):
Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը,արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։