ՄԻՊ-ի զեկույցը քննարկվում է այնպիսի պայմաններում, երբ Կիրանցում բնակիչների նկատմամբ բռնություն է կիրառվում: Կիրանցի բնակիչների ձեռքին կան սեփականության վկայականներ, և գործընթացների արդյունքում բնակարանների մի մասը մնալու է ադրբեջանական վերահսկողության տակ: ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունենության հաղորդման քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ Թագուհի Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի կիրառվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ սահմանազատման գործընթաց տեղի չի ունենում, և ըստ Ռուբինյանի՝ այդ տների վերաբերյալ դեռ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել:
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց, որ հասկանում է այն էմոցիոնալ և հոգեբանական վիճակը, որում Կիրանցի բնակիչներն են:
«Անհրաժեշտ է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս զգայուն և հանդուրժող՝ դարձյալ նկատի ունենալով ամբողջ իրավիճակը, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը գուցեև իրավասու է որևէ տեսանկյունից սահմանափակել որևէ իրավունք, բայց այս բոլոր հանգամանքները հաշվի չառնել՝ միանշանակ, չի կարելի»,- ասաց նա:
Անահիտ Մանասյանը նաև ասաց, որ առավոտվանից ՄԻՊ-ը մի շարք քայլեր է ձեռնարկել, իսկ դրանից առաջ էլ մեկնել են Տավուշի մարզ, ծանոթացել իրավիճակին և իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ:
«Բանավոր կարգով իրավասու մարմիններից պարզաբանումներ ստացել ենք, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ մի շարք խնդիրների հետ կապված»,- ասաց նա և հիշեցրեց, որ նախկինում հայտարարել են, որ ոչ համաչափ ուժ չի կարելի կիրառել, նաև անդրադարձել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ կապված միջադեպին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ևս հետաքրքրվեց առավոտյան շրջանառվող լուրով՝ Կիրանցում ոստիկանության կողմից կիրառված բռնության հետ կապված:
«Թույլ տվեք այս պահի դրությամբ հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգում չանել, որովհետև մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել: Մի խումբ անձինք մեզ մի տեղեկատվություն են հայտնել, մյուսները՝ այլ, և հարցի վերաբերյալ պատշաճ եզրահանգում անելու համար ինձ ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց նա և հավելեց, որ եթե պետությունը ուժ է գործադրում, կարևոր է, որ այդ գործադրված ուժը չլինի անհամաչափ: