Իրավապաշտպանների և լրագրողների գործունեության առնչությամբ տարեկան հաղորդման շրջանակում ունեցել ենք թվարկված դեպքեր, և այս գործերով հիմնական պահանջն իրավասու մարմիններից պատշաճ քննություն իրականացնելն է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի 2023 թվականի գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին վերաբերող խնդիրների առնչությամբ հաղորդումը:
Անահիտ Մանասյանը հորդորեց իրավապաշտպանների և լրագրողների գործունեությանն առնչվող խնդիրը չդիտարկել միակողմանի՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրության, թե՛ ընդհանրապես լրագրողական էթիկայի պահպանումը հանրապետությունում, որը ՀՀ ՄԻՊ-ը «ակնհայտ խնդրահարույց» որակեց՝ նշելով, որ այս առումով պետք է համակարգային քայլեր ձեռնարկվեն:
«Անձամբ հանդիպել եմ մի քանի լրագրողի հետ, հանդիպումներից անմիջապես հետո նաև հաղորդագրություն ենք տարածել, այդ թվում՝ հստակ, տեքստային տարբերակով՝ կարևորելով նրանց մասնագիտական անխոչընդոտ գործունեության երաշխավորումը:
Վերջերս, նաև այս բոլոր դեպքերը նկատի ունենալով, տարածել ենք ընդհանուր հայտարարություն, որը ևս կարևորում է նշված անձանց անխոչընդոտ գործունեության իրականացումը»,- ասաց նա: