ՔՊ խմբակցության անունից ելույթում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ խորհրդարանում հնչող որոշ թեզերի:
Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որում նա իշխանություններին մեղադրում էր հողեր հանձնելու և դավաճանությունների համար:
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է կրկնել այն նույն թեզերը, ինչ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ սկզբում մեղադրում էին ԼՂ-ն, իսկ հիմա՝ Տավուշի սահմանամերձ՝ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու համար:
Նրա խոսքով՝ երբ հետ ենք նայում անցած տարիների պատմությանը, ակնհայտ է դառնում՝ ով ինչպես և երբ է հանձնել Լեռնային Ղարաբաղը և ամեն բան արել 44-օրյա պատերազմում մեր ձախողման համար:
Պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ընդդիմությունն ի սկզբանե դեմ էր միջազգային հովանու ներքո ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկխոսությանը, որտեղ հնարավոր կլիներ հասցեագրել ԼՂ ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության հարցերը:
«Դեմ էր, սակայն միևնույն ժամանակ չէր առաջարկում ոչինչ»,- ընդգծեց պատգամավորը՝ ընդդիմությանը մեղադրելով, որ նրանք ամեն ինչ արել են, որ այդ երկխոսությունը տեղի չունենա:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը նախապատրաստում էր «պալատական հեղաշրջում», որը հաջողվեց:
«Մեկ էլ հանկարծ հնչեց զանգ: Ե՛վ զանգի, և՛ ընդդիմության համատեղ ջանքերի պատճառով ԼՂ ներկայացուցիչները չգնացին միջազգային հովանու ներքո կազմակերպված հանդիպմանը: Չգնացին: Վախեցան: Ու այս խմբակը, որ այսօր կոչվում է ընդդիմություն, այդ գործի մեջ էր ամբողջությամբ: Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը նման բան արեց, որ այդ երկխոսությունը տեղի չունենա: Որովհետև այդպես ձեռք չէր տալիս նրանց տերերին: Որովհետև եթե տեղի ունենար այդ երկխոսությունը, նրանց տերերը որտե՞ղ պետք է տեղակայվեին, ո՞ւմ պետք է փրկեին: Պարզ է, չէ՞: Դրանից հետո արեցին «պալատական հեղաշրջում»:
Արցախի խորհրդարանի դաշնակ պատգամավորներով ինչ-որ մեկին նշանակեցին նախագահ՝ վերջնականապես փակելով երկխոսությունը ԼՂ ժողովրդի համար, իսկ երկխոսության կողմնակիցներին անվանեցին դավաճաններ: Իսկ դաշնակների կողմից նշանակված նախագահը մի քանի օր անց, երբ լուծարեց ԼՂ-ն և այլևս ոչինչ հնարավոր չէր խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվում էր Լաչինի միջանցքով, հենց այդ պահին ուղղաթիռով, ԼՂ ժողովրդի գլխի վրայով թռնելով, դեսանտ իջավ Հայաստան: Պարզ է, չէ՞, ով էր դա կազմակերպել, իսկ հիմա գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, փողեր են ուզում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե Սոֆիայում կազմակերպված հանդիպումը հիմա դիտարկում է որպես պատմական շանս, քանի որ ԼՂ հայությունը միգուցե կարողանար ապրել իր հողում:
«Բայց ձեր՝ հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու մոտիվացիան այնքան մեծ էր, որ ձեր չհաշվարկված քայլերի պատճառով լուծարեցիք ԼՂ-ն, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը: Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու մեջ: Դուք այնպես արեցիք, որ ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս: Սա է ձեր պատվերն այս պահին: Դուք դրան եք լծված հիմա: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը և չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին»,- դիմելով ընդդիմադիրներին՝ հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին առաջին հերթին պետք է իմանան ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թե ինչպես են նրանք (ընդդիմադիրները - խմբ.) զրկել նրանց իրենց տներում ապրելու վերջին հնարավորությունից՝ հանուն իրենց տերերի:
«Այդքան մեծ հոգի են դրել այս մարդիկ իրենց գործակալական գործի մեջ»,- հավելեց նա: