Մայիսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստին քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր Կառավարության հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն փոփոխություններ կլինեն խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Օրակարգում են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը, 2023-ի ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վերջինս ապրիլի 30-ին օրակարգից հանվել էր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանի առողջական խնդիրների պատճառով: