ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բեն Քարդինին: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից:
Հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները: Քննարկվել է խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորագույն բաղադրիչ:
Սենատոր Քարդինը աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները: