Ազգային ժողովում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝
«Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։
Երեկ հաղորդում էր ներկայացվել, որ Ազգային ժողովի բակում Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վիճաբանել օրեր առաջ նրա հրապարակած տեսանյութի համար, հայհոյել ու ձեռքով հարվածել դեմքին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Հարվածից լրագրողն ընկել է, ինչի հետևանքով վնասվել է նրա տեսախցիկը։ Քրեական վարույթով լրագրողը ճանաչվել է տուժող: