ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Աշխատանքի օրվա առթիվ՝ նշելով, որ դեսպանատունն այսօր փակ կլինի։
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886 թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով:
Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էին 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:
1889 թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում էր ընդունել մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890 թ.:
Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, Մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսել է նշվել 1919 թվականից։