Վրաստանում զանգվածային ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ, որը քիչ առաջ ընդունվեց արդեն երկրորդ ընթերցմամբ: Օրինագծի քննարկումը լարված է անցել, խորհրդարանում նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ընդդիմադիրների, ցուցարարների, երկրի նախագահի և արևմտյան գործընկերների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, նպատակ ունի՝ սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, նաև խանգարելու է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցությանը:
Երեկ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Երկրի ՆԳՆ տվյալով՝ 60-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհամաչափ է որակել իրավապահների գործողությունները: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը:
«Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է: Կոչ եմ անում երկրի իշխանությանը ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել է նա X-ի միկրոբլոգում:
Վրաստանի վարչապետը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, միաժամանակ նշել, որ ցուցարարներն են սադրել իրավապահներին ուժ կիրառել: Իրակլի Կոբախիձեն նաև վստահություն է հայտնել, որ օրինագիծը միայն կարագացնի Թբիլիսիի եվրաինտեգրումը: Նա տեղեկացրել է, որ նախագծի վերջնական՝ երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տեղի կունենա երկու շաբաթից։
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: