ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան՝ տեղում ծանոթանալու ավիացիայի ոլորտում երկրի ձեռքբերումներին։