«Ես վերջերս Ազգային Ժողովի ամբիոնից, խոսելով մեր անվտանգության ապահովման մասին, ասել եմ, որ մենք մեր անվտանգային և մնացած բոլոր հարցերում պետք է հույսներս դնենք մեզ վրա: Եվ մեր անվտանգությունն ապահովելու համար նույնպես հույսներս պետք է դնենք մեզ վրա»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է` սա աշխարհաքաղաքական ենթատեքստ է և կոնտեքստ է, որովհետև բոլորիս աչքի առաջ, ընդ որում` օրը ցերեկով և մի քանի անգամ, մեր նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող կառույցները և երկրներն իրենց անվտանգային պարտավորությունները չկատարեցին:
«Ես հիմա չեմ ուզում` քննարկենք պատճառները և արդարացումները, կարող են լինել ամենատարբեր արդարացումներ, ես նույնիսկ հիմա չեմ էլ ուզում դա որպես մեղադրանք ասել, ես դա արձանագրում եմ որպես փաստ, և մենք առնչվում ենք այս փաստի հետ:
Եվ այս փաստն ինձ, Ձեզ, բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը պետք է ի՞նչ հետևության բերի: Պետք է բերի մեկ հետևության, որ մենք մեր անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Անվտանգության ապահովման բանաձևի մասին էլ է պետք մտածել, ի՞նչ բանաձևով պետք է մենք ապահովենք մեր անվտանգությունը: Ես արդեն ասացի և ուզում եմ կրկնել, մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա, լեգիտիմ ակնկալիքների և լեգիտիմ պահանջների հիմքի վրա»,- նշել է նա:
Վարչապետի խոսքով` կա երկրորդ ամենակարևոր բանը, ո՞րն է աշխարհաքաղաքական փոփոխության ընկալումը, ընկալման փոփոխությունը:
«Շատ են մեզ քննադատում: Այսինքն՝ քննադատելու համար ասում են, թե մենք տեսակետներ ենք փոխում, թե մենք մոտեցումներ ենք փոխում: Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ` փոխվում է աշխարհը, և երկրորդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա:
Մենք չենք կարող աշխարհն ընկալել այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունում բոլորը կամ շատերը, կամ առնվազն դե յուրե արձանագրված էր, թե ՀԱՊԿ-ը որ դեպքում ինչպես պետք է գործի, և երբ դա տեղի չի ունենում, չփոխվելը, դա նշանակում է՝ երկիրը տանել հավաստի կործանման: Այո, մենք փոխվում ենք, որովհետև շատ դեպքերում նաև մեր գնահատականներն են փոխվում, օբյեկտիվ իրականությունն է փոխվում:
Վերադառնալով Ձեր հարցի համատեքստին, ես աշխարհաքաղաքական ենթատեքստի մի հատվածն ասացի, բայց կա ավելի կարևոր երկրորդ հատվածը, ո՞րն է այդ աշխարհաքաղաքական ենթատեքստը և հետևությունը: Իսկ աշխարհաքաղաքական ենթատեքստը և հետևությունը հետևյալն է, որ մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև, գտնենք այդ բանաձևը: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ես սրա մասին հայտարարել եմ Ազգային Ժողովից, որովհետև հետո ասուլիսներ են լինում, ոչ ոք չի հարցնում, բա որ Ազգային Ժողովի ամբիոնից ասացիք, որ մենք պետք է սովորենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելու բանաձև, դա ի՞նչ է նշանակում, որովհետև մեզ մոտ ասուլիսներում ընդունված չէ դա հարցնել, ավելի շատ ընդունված է հարցնել՝ ճի՞շտ է, որ ժամացույցիդ մեջ միջուկային ռեակտոր է դրված, ասենք՝ 55 միլիոն դոլարանոց և այլն»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «ֆորպոստացման» թեմային:
«Մենք այսքան խոսում ենք ֆորպոստի մասին, ֆորպոստի տրամաբանության մասին և այլն, սա միայն մեր երկրի արտաքին ընկալում չէ, սա նաև ներքին ընկալում է: Ոչ ոք չի ասել, այդ որ ասում ես ֆորպոստացում, ֆորպոստացում, այդ ո՞վ է մեզ ֆորպոստացնում, այդ ֆորպոստացումը դրսի՞ց է տեղի ունենում, թե՞ ներսից: Շատ կարևոր է արձանագրել, որ այդ ֆորպոստացումը ոչ միայն դրսից է տեղի ունենում, այլև ներսից, որովհետև մենք ինքներս շատ հաճախ, երբ մեր անցած ճանապարհը վերլուծում ենք, տեսնում ենք, որ մենք ինքներս ենք մեզ որպես ֆորպոստ դիրքավորել, որովհետև ոչ մեկ չի տվել մի շատ կարևոր հարցի պատասխան, ընդ որում սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է իմ հասցեին:
Ընդհանրապես ես ասել եմ և կարծում եմ, որ այն ընկալումները, որ ես ունեցել եմ և ունեմ, համարում եմ շատ ուժեղ օրգանական կապով եմ կապված մեր հանրության, մեր երկրի, նրա ընկալումների, մտածողության և այլնի հետ, սա քննադատություն է իմ հասցեին: Վերջին 30 տարվա ընթացքում լինելով լրագրող, լինելով պատգամավոր, լինելով խմբակցության ղեկավար, ապա լինելով վարչապետ ի վերջո մեզ հարց չենք տվել, ժողովուրդ ջան, եթե մենք այս մի հարևանի հետ կապված այս պրոբլեմն ունենք և մեր ընկալումն այն է, որ պետք է գնալով խորանա և այլն, մյուսի հետ սա ունենք, մյուսի հետ նա ունենք, մենք ո՞նց ենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում: Այդ պայմաններում, այդ բանաձևի մեջ տարածաշրջանում հնարավոր է ապրել միայն արտաքին հովանավորությամբ, միայն արտաքին հովանավորությամբ, ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- նշել է նա: