«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը կարևոր է պետական ինքնիշխանության ամրապնդման համար, և խորհրդարանն այն կընդունի մայիսի կեսերին, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Փոխզիջումն անընդունելի է այս հարցում, քանի որ օրենքը կնվազեցնի հասարակության մեջ բևեռացումը: Մայիսի կեսերին այն կընդունվի, իսկ մի քանի շաբաթ անց խորհրդարանում կհաղթահարվի նաև նախագահի վետոն, որից հետո օրենքն ուժի մեջ կմտնի»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը շատ պարզ է, ամեն տարի հասարակական կազմակերպությունները պետք է հրապարակեն ֆինանսական հայտարարագիր։
Կոբախիձեն ընդգծել է, որ նախօրեին ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտ ագրեսիվ գործողությունները ճնշելիս գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Վրաստանի վարչապետը, միաժամանակ, ընդդիմադիր կուսակցություններին սպառնացել է արգելք կիրառել՝ հեղափոխություն սկսելու փորձի համար: