Մայիսի 1-ին՝ ի պատիվ Աշխատանքի օրվա, Ֆրանսիայում ավանդաբար ցույցեր են անցկացվում։ Իրավապահների տվյալով՝ ընդհանուր առմամբ հայտարարվել է 270 ակցիա, որոնց կմասնակցի 130-150 հազար մարդ։
Փարիզում մայիսմեկյան ավանդական ցույցը՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, մեկնարկել է Հանրապետության հրապարակում։ Ցուցարարների շարասյունը շարժվել է դեպի Ազգի հրապարակ։
Մասնակիցները կրել են ֆրանսիական առաջատար արհմիությունների տարբերանշաններով փուչիկներ, կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների, ինչպես նաև Պաղեստինի դրոշները։
Ցուցարարների մեջ են եղել «դեղին բաճկոնների» շարժման բազմաթիվ կողմնակիցներ, նաև black bloc-ի մի քանի հարյուր արմատականներ՝ ամբողջովին սև հագած, դիմակներով ու գլխարկներով: Նրանք էլ անկարգություններ են սկսել՝ ջարդելով ցուցափեղկերն ու կանգառները, հակակապիտալիստական կարգախոսներ են գրել խանութների ցուցափեղկերին։ Ակցիան անցել է ոստիկանների հետ բախումներով:
Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալով՝ ցույցի մեկնարկից առաջ արդեն բերման է ենթարկվել 15 մարդ։ Ընդհանուր առմամբ, խուզարկվել է մոտ 500 քաղաքացի, առգրավվել են սառը զենքեր։