Իսրայելական զորքերն ամեն դեպքում գործողություն կանցկացնեն Գազայի հատված-Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց հարազատների հետ հանդիպմանը։
Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է՝ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ իսրայելական կողմը չի հասել իր նպատակներին:
«Ռաֆահում զինյալներ կան, նրանք պետք է ոչնչացվեն: Եվ դա տեղի կունենա անկախ այն բանից՝ պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի՞, թե՞ ոչ»,- հավելել է պաշտոնյան:
Նեթանյահուն նշել է, թե ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարին զուգահեռ Իսրայելը դիմակայում է նաև միջազգային ճնշմանը: Ռաֆահում այժմ 1.3 միլոնից ավելի փախստական է ապաստանել: Միջազգային հանրությանը, այդ թվում՝ Վաշինգտոնին, մտահոգում է, որ ՑԱՀԱԼ-ի հնարավոր ներխուժումը քաղաք կարող է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի պատճառ դառնալ: Միացյալ Նահանգներն Իսրայելից պաղեստինցիների անվտանգության ապահովման երաշխիքներ է պահանջում: