Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցի կոշտ ցրումը։ «Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է կառավարության վրա: Վրաց ժողովուրդը զրկված է խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իրավունքից»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Ապրիլի 30-ի երեկոյան Թբիլիսիում ոստիկանությունը հատուկջոկատայինների աջակցությամբ սկսել է ցրել բազմահազարանոց բողոքի հերթական ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։
DW-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Ռուսթավելու պողոտայում մի քանի ժամ շարունակվել է առճակատումը անվտանգության ուժերի և խորհրդարանի մոտակայքում բարիկադներ կանգնեցրած ցուցարարների միջև։ Հատուկջոկատայինները պարբերաբար բերման են ենթարկել մարդկանց, կիրառել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ցուցարարները փախել են տարածքից, բայց շատ արագ վերադարձել։ Մի քանի հազար մարդ գիշերը մնացել է պողոտայում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը հարձակվել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել։
Ենթադրվում է, որ մայիսի 1-ին՝ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի երկրորդ ընթերցման ավարտից հետո, բողոքի նոր ակցիա կլինի։