Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել` ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը պետական ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման, վեճերի խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից հրաժարման հիման վրա անհրաժեշտ պայման է երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար և տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորման համար։ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հասցեին Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,- ասված է հայտարարության մեջ: