Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
«Տաջիկստանյան կողմին լրացուցիչ մանրամասն պարզաբանումներ են տրվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ ռուսական ծառայությունների իրականացրած միջոցառումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ժամանող օտարերկրյա քաղաքացիների մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառը «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են։
Ռուսական կողմն ընդգծել է ձեռնարկված միջոցառումների ժամանակավոր բնույթը, ինչպես նաև այն, որ դրանք «ուղղված չեն կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ»։