Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ հայ-արգենտինական հարաբերություններն առանձնահատուկ են մեզ համար: Դրանք իսկապես բարեկամական են: Վերջին տարիներին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, մենք զգացել ենք Ձեր երկրի աջակցությունը: Մենք, իրոք, կարիք ունեինք անկողմնակալ մոտեցման և Արգենտինայի դիրքորոշումն ու մոտեցումը հենց այդպիսին էր:
Վստահ եմ, որ Ձեր նշանակումը միանշանակ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Կարծում եմ, որ ես կարող եմ լինել կարևոր օղակ, որը կհաստատի Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի խորացումը: Մեր երկրների ժողովուրդների միջև կան բազմաթիվ պատմական ընդհանրություններ: Արգենտինայի Հանրապետությունում կա բավական մեծ հայկական համայնք, և կարող եմ ասել, որ համայնքն իր ուրույն դերն է կատարել Արգենտինայի Հանրապետության առաջընթաց գրանցելու գործում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա բարեկամական և սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և իրականացնելու կարևորությանը: Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման աշխատանքներին: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները բանակցային ուղիով և բարիդրացիության սկզբունքների հիման վրա հաղթահարելու կարևորությունը: