Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն «Ուրբաթ Քեոսայանի հետ» կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը, որում հակահայկական քարոզ կա Հայաստանի պետականության, իշխանության վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 30-ի նիստին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությամբ պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ «Ռադիո Սպուտնիկը» տեղական, լիցենզավորված կազմակերպություն է, ուստի հանձնաժողովն ունի լիակատար գործիքակազմ՝ այդ բովանդակության դեմ պայքարելու, այն է՝ 30-օրյա սահմանափակում դնելով:
Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա, ըստ Տիգրան Հակոբյանի, դրանք գործում են միջկառավարական պայմանագրի համաձայն, և այս դեպքում հանձնաժողովի գործիքակազմերը և լիազորությունները միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու ուղարկելն է ԲՏԱ նախարարություն, ինչն իրենք պարբերաբար անում են։
«Նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ, և շուտով նույնիսկ Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ-որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական, և Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,- ասաց նա և հավելեց, որ միջկառավարական պայմանագիրը բավականին չմշակված է, հում է, և շատ լծակներ հայկական կողմին չեն տալիս:
Ըստ ՀՌՀ նախագահի՝ դա, այնուամենայնիվ, խնդիրը չի լուծի, որովհետև, բացի հանրային մուլտիպլեքսից, կան նաև կաբելային ալիքներ, որոնցով դրանք կարող են անխափան եթեր հեռարձակվել։
Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ լուծումներից մեկն այն է, որ վերանայվի գործող պայմանագիրը. «Երբ ունենանք տեսալսողական մեդիայի խմբագրված օրենքը, պետք է բացառվի օտար հեռարձակողների լինելը մեր հանրային մուլտիպլեքսում»։