Վրաստանում արդեն շուրջ 2 շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 29-ին Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում հանրահավաք է անցկացվել իշխող «Վրացական երազանքը»՝ ի պաշտպանություն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի:
Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հանրահավաքը նպատակ ունի ցույց տալ, որ վրացական ընդդիմությունը փոքրամասնություն է և ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի:
Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նա Արևմուտքին մեղադրել է Վրաստանի գործերին միջամտելու համար: Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունների ֆինանասավորումն ուղղված է օտարերկրյա «հետախուզական ծառայությունների ամրապնդմանը և նրանց իշխանության բերելուն»։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ Եվրամիությանը կոչ է արել սկսել միությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները: «Մենք կոչ ենք անում Եվրամիությանը պատշաճ հարգանք ցուցաբերել վրացական հասարակության նկատմամբ, վերականգնել արդարությունը և սկսել բանակցությունները: Դա վրացական հասարակության պահանջն է»,- շեշտել է Կոբախիձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը շեշտել է, որ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության զարգացման առումով Վրաստանը «մեկ գլուխ բարձր է» Ուկրաինայից և Մոլդովայից։
Մանրամասները՝ ռեպորտաժում: