Տեսալսողական մեդիայի կարգավորման ազատականացումը ողջունելի է, և նոր օրենքում, որն ընդունվել էր 2020-ին, վերջինիս գործունեությունը բավականին ազատականացված է հանձնաժողովի կամ պետության կողմից մինիմալ միջամտությամբ, սակայն այդ ազատականացումը մեր երկրի տեղեկատվական անվտանգության համար վտանգներ է պարունակում: Այդ մասին Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Օրինակ` հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող և մալուխային ցանցերով տարածվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային և պետական շահերի հետ չհամընկնող, իրավական նորմերը խախտող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը կարգավորման գործառույթներ, ցավոք, չունի»,- ասաց նա:
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ երկրորդը ևս հրատապ լուծում պահանջող խնդիր է, որովհետև լիակատար կարգավորման ներքո են միայն հանրային մուլտիպլեքսում տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները և լիցենզավորված ռադիոները, ինչը անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում:
«Ցանցային օպերատորների փաթեթներում ընդգրկված հեռուստածրագրերը ենթարկվում են նվազագույն կարգավորման, իսկ համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որևէ կերպ ներառված չեն օրենքով սահմանված պարտավորություններ ունեցողների ցանկում: Նրանց բովանդակության կարգավորումը բարդ է կամ անհնարին»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը կարծում է, որ տեսալսողական մեդիածառայությունների վերաբերյալ օրենքի շրջանակում անհրաժեշտ է կարգավորել տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք ծառայություն մատուցողների խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո են:
«Եվրոպական դիրեկտիվներով համացանցի մինիմալ կարգավորումը դարձել է պարտադիր նորմ եվրոպական երկրների համար, և մենք պետք է նաև առաջնորդվենք այս կարևոր նորամուծությամբ»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը խոսեց նաև կաբելային ցանցերում հեռարձակվող տեսալսողական ծրագրերի աշխարհագրության մասին և այս համատեքստում ներկայացրեց ծրագրերը՝ ըստ արտադրող երկրների: Ըստ այդմ՝ Հայաստանում արտադրվող, տեղական ծրագրերի թիվը 71 է, նախորդ տարի 68 էր: ՌԴ-ի ծրագրերը՝ 174-ն են, նախորդ տարի 167 էին, եվրոպականը՝ 75, ԱՄՆ-ինը՝ 38, այլ երկրներինը՝ 15:
«Ինչպես տեսնում եք՝ հայկական հեռուստածրագրերը, Հայաստանում ձևավորված հեռուստածրագրերն ավելի քիչ են, քան ռուսական և եվրոպական ծրագրերը. սա նույնպես ինչ-որ քայլեր ձեռնարկելու պատճառ պետք է լինի»,- ասաց նա: