ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անընդունելի է համարում քաղաքական գործընթացների մեջ հոգևորականների ներգրավումը: Այս մասին պատգամավորը հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ այդ գործընթացները Հայաստանի պետականության դեմ են, որտեղ փորձ է արվում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ՝ փրկիչներ հրավիրելու համար:
«Չորս ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու: Այս պրոցեսը մեկ նպատակ է հետապնդում: Չստացվեց ԼՂ հարցում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, հիմա էլ փորձում են 4 գյուղերի կոնտեքստում Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, որտեղ բոլորս գիտենք՝ ինչ հետևանքներ կարող են տեղի ունենալ»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետն է ասել, որ անգամ սահմանազատումից ու սահմանագծումից հետո երաշխիքներ չկան, թե պատերազմ չի լինի, Հովհաննիսյանն ասաց՝ չկա որևէ երաշխիք, որը հարյուր տոկոսով մեզ կապահովագրի, այլ մենք խոսում ենք էսկալացիոն ռիսկերի նվազեցման, ՀՀ պետական սահմանները մասին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ ի՞նչ է նշանակում՝ «վերարտադրվում են պետական սահմանները», Հովհաննիսյանը պարզաբանեց՝ դա նշանակում է՝ Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային Միության երկրների ադմինիստրատիվ սահմանները, որոնցով նրանք անկախացել են, դառնում են պետական սահմաններ:
«Մենք որևէ նոր սահման չենք գծում, վերարտադրում ենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել, այն սահմանները, որոնց մասին բոլորը գիտեն:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում արդյոք Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը, որում ասվում է, որ չորս գյուղերի հատվածում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է, արդյոք վտանգներ չի՞ պարունակում այս հայտարարությունը, պատգամավորը տվեց բացասական պատասխան:
«Վտանգներ չի պարունակում, քանի որ պրոցես է տեղի ունենում: Սահմանազատման գործընթացում դեռևս պետք է կանոնակարգ հաստատենք: Վերջնական սահմանազատման երբ հասնենք, դրա մասին բնակաբանար կհայտարարվի: Փուլ-փուլ մենք հայտարարում ենք: Կարծում եմ՝ սրա մասին է եղել այդ հայտարարությունը: Այս պահին սահմանազատման գործընթաց է տեղի ունենում, երկու-երեք օր առաջ խոսք էր գնում աշխատանքների իրականացման 35 տոկոսի մասին, հիմա ես կարծում եմ՝ կեսին ավելին է»,- տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանը: