Արձանագրում ենք, որ հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այդ մասին Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և պարզաբանեց, թե որոնք են այդ եզրակացության հիմքերը:
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ չափորոշիչներից մեկն այն է, որ յուրաքանչյուր տարվա ավարտին հանձնաժողովը գրավոր պաշտոնական հարցումներ է ուղարկում լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներին, ցանցային օպերատորներին հետևյալ հարցադրումով՝ իշխանության բոլոր ճյուղերի կողմից եղե՞լ են արդյոք խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր:
«Ի պատասխան՝ էական նշանակության բողոքներ մենք չենք ստացել, որոնք հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն»,- ասաց նա:
Երկրորդ չափորոշչի հիմքում հրապարակումներն ու հանրային ելույթներն են, որոնց մասով, ըստ Հակոբյանի, «նույնիսկ որևէ էական շեղում» չի արձանագրվել:
Երրորդը գրավոր դիմումներն ու բողոքներն են. «Տարատեսակ դիմումներ ստանում ենք, բայց այս խնդրի առնչությամբ բողոքներ չեն եղել, և ամենակարևորը՝ մենք ամենօրյա ռեժիմով ոչ ֆորմալ եղանակով աշխատում ենք բոլոր հեռարձակողների հետ»:
Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մեծ թվով դժգոհություններ էլ կան, որոնք, սակայն, վերաբերելի չեն հեռարձակողների վրա ճնշումների գործադրման խնդրին:
«Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում խնդիրներ չունենք, և որ հեռարձակողները չեն ենթարկվում շատ ժամանակ արտաքին միջամտության»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ որևէ գործիքակազմ չկա, որպեսզի հանձնաժողովը իրազեկվի իշխանությունների և հատկապես լրատվամիջոցների հիմնախնդիրների, քաղաքական ուժերի, փայատերերի ստվերային սեփականատերերի՝ խմբագրական քաղաքականությանը միջամտելու, ստվերային ֆինանսավորելու մասով տեղեկություններին:
«Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ, բայց մշտադիտարկումը ցույց է տալիս, որ 3-րդ տարին շարունակ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է: Այդ դրական միտումը պայմանավորված է նաև խոսքի ազատության չարաշահումների դեմ հանձնաժողովի սկզբունքային պայքարով»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը խոսեց նաև լրատվական դաշտի խնդիրների մասին՝ արձանագրելով երկու փաստ, որոնց դեպքում իշխանություններն իրենց գործողություններով միջամտել են հեռարձակողների բնականոն գործունեությանը: Մեկը վերաբերում է ԸՕ-ում փոփոխված նորմին, որով մասնավոր ՀԸ-ները նախընտրական շրջանում պարտավոր են անվճար ինչ-որ քանակի եթերաժամ տրամադրել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին:
«Կարծում ենք, որ դա անթույլատրելի է: Մենք նույնիսկ շատ կոպիտ համեմատություն ենք բերել. դա նույնն է, որ մասնավոր այլ տնտեսվարողներին, օրինակ՝ բենզալցակայաններին, օրենքը պարտադրի նախընտրական շրջաններում յուրաքանչյուր կուսակցությանը ինչ-որ քանակի պարտադիր բենզին տալ: Դրանով սահմանափակվում է հեռարձակողների՝ ինքնուրույն աշխատելու իրավունքը»,- ասաց նա:
Երկորրդ խնդիրը վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում հեռուստատեսությունների ազդակների պարբերաբար անջատումներին. «Մեր կարծիքով՝ դա արվել է առանց ՀԸ-ների շահերը հաշվի առնելու»:
Տիգրան Հակոբյանն անդրադարձավ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առնչվող քննադատություններին. «Գաղտնիք չէ, որ մեր հանձնաժողովի որոշումների անաչառությունը, արհեստավարժությունը կասկածի տակ է դրվում: Շատ հաճախ խոսում են իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, այդպիսի մեղադրանքներ էլ կան, սակայն հավաստիացնում եմ ձեզ՝ դրանք մերկապարանոց են, հատկապես, որ այդ մեղադրանքները որևէ անգամ չեն հիմնավորվել որևէ փաստով կամ դրվագով»: