ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic.am-ի լրագրողին:
Նա չհերքեց կատարվածը, նշեց՝ Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը՝ գրանցված օգնականի հաստիքում, մոտեցել է ԱԺ շենքի դիմային հատվածում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա հարվածել դեմքին:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, Հովհաննիսյանը պատասխանեց՝ լրագրողի լրագրողական գործունեությունն է եղել:
«Ես գիտեմ, որ անկախ՝ ով վերբալ մակարդակում ինչ հայտարարություն է անում, Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պոպլավոկի» հետ: Թող իրենց հաշիվ տան առհասարակ. անբարոյական հայտարարություններ անելը և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության հետ: Ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս»,- ասաց պատգամավորը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց Քոչարյանների ընտանիքին՝ Ազգային ժողովը չխառնել «Պոպլավոկի» հետ, հակառակ դեպքում պատասխանը շատ խիստ է լինելու թե՛ իրավական մակարդակով, թե՛ Ազգային ժողովում՝ քաղաքական մակարդակով:
«Իսկ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու: Լրագրողն ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն: Սա ժողովրդավար հանրապետություն է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հանրապետությունը չէ: Եթե որևէ մեկը մտածում է՝ կարող է մարդու ազատ խոսքը փորձել կանգնեցնել բռունցքներով, ապա ներողություն, դրա պատասխանը տասնապատիկ ավելի խիստ է լինելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ ինչու ՔՊ-ն չի միջամտում ընդդիմադիր լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման փաստերին, Հովհաննիսյանը հորդորեց չհամեմատել համեմատության ենթակա չհանդիսացող դեպքերը:
«ՔՊ խմբակցության որևէ պատգամավոր «ախռաննիկ» չունի, չի էլ ունեցել»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ են պատրաստվում անել, պատասխանեց՝ իրավական գործընթաց է ձեռնարկվում, և ոստիկանները այս պահին ԱԺ շենքում են ու զրուցում են լրագրողի հետ:
Հարցին՝ ով է դիմել ոստիկանություն, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել:
Նշենք՝ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու համար։