Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծերի ընդունման նպատակը վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչներին հավելյալ ժամկետի տրամադրումն է լիցենզիայի գործունեության կասեցում չկիրառելու նպատակով:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ:
Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել եւս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին:
Նախագծի ընդունման արդյունքում վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետի սահմանմամբ ակնկալվում է լիցենզիայի կասեցումը որոշակի ժամկետով հետաձգել, դրանով իսկ նպաստելով գործող բիզնեսի բնականոն ընթացքին:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով՝ նորմը վերաբերում է բոլոր տիպի պարտավորություններին, բացի պետական տուրքի պարտավորություններից:
Նախագիծը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: