Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 30-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է 1 լրացում:
«Հանրային հեռուստաընկերության վրա կան պարտավորություններ: Ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների՝ կան նաև լրացուցիչ պարտավորություններ, և լրացում է կատարվել առաջինից երկրորդ ընթերցում, և այդ պարտավորությունները կտարածվեն երկու կապուղիներով հեռուստաընկերությունների վրա ընդհանուր»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը պարզաբանեց, որ իրավական հիմքեր են ստեղծվում «Առաջին ալիքը» հասանելի դարձնելու ամբողջ հանրապետությունում. այժմ այն միայն մայրաքաղաքային սփռում ունի:
Հարակից զեկուվող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Կառավարությունը կողմ է օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին, բայց նաև մի արձանագրում արեց. «Կառավարությունն ակնկալում է, որ համապատասխան սլոթ զբաղեցնելու համար նախատեսված ֆինանսական պարտավորությունները կփակվեն Հանրային հեռուստաընկերության ներքին միջոցների վերաբաշխմամբ»: