Ամիսներ շարունակ Ադրբեջանը ցանկանում էր հետքայլ անել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից: Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ պատգամավորի՝ դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որ գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին, այսինքն՝ 1991 թվականի դրությամբ:
Ըստ Ռուբինյանի՝ Ադրբեջանը փորձում էր սրանից խուսափել, որովհետև ցանկանում էր Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված, գործի ուժեղի իրավունքը, այսինքն՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են:
«Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, մեր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկը վերջերս նույն տրամաբանությունն էր ուզում, որպեսզի մենք բոլորս որդեգրենք: Ինձ համար շատ տարօրինակ է և անհասկանալի՝ ինչու է մեր խորհրդարանական ընդդիմությունը լծվել այս տրամաբանության լեգիտիմացման վրա, որովհետև երբ մեր ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, դա նշանակում է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմք ունեցող փաստաթղթերը և քարտեզները, այլ շփման գիծը: Իսկ շփման գիծ ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել-կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Ես չեմ հասկանում՝ որն է այս լեգիտիմացման իմաստը: Պարզ է, չէ՞, որ երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, ու լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,- ասաց Ռուբինյանը:
Նա հորդորեց ընդդիմությանը չբարդացնել ամեն ինչ, չփորձել լեզվական միջոցներով իրենց արածի էությունը փոխել:
«Այս ամեն ինչի մեխը հետևյալն է՝ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ: Հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այս սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիա տեղի է ունենալու Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը: