Տաջիկստանում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնել՝ կապված Ռուսաստանի Դաշնության տարածքում հանրապետության քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի, ինչպես նաև նրանց իրավունքների և ազատությունների համատարած խախտումների հետ:
Նոտայի տեքստում նշվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկա-ռուսական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին»։
Նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոխին Սամադին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Մոսկվայի օդանավակայաններում երկրի քաղաքացիների հետ կապված իրավիճակն անվանել էր բարդ։ Նրա խոսքով՝ ապրիլի 27-ի օրվա վերջի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանի քաղաքացիների ժամանակավոր պահման գոտում եղել է Տաջիկստանի 954 քաղաքացի։ Ըստ նրա՝ նման իրավիճակ է նաև Մոսկվայի մյուս օդանավակայաններում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի տարածք մուտք գործողների ավելի մանրակրկիտ ստուգումները ժամանակավոր են և իրականացվում են անկախ ազգությունից։ Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը համալիր միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»։